«Բարսելոնը» շարունակում է «Պարի Սեն Ժերմենում» հանդես եկող Մարկո Վերատիի ձեռքբերման ուղղությամբ ջանքերի գործադրումը: Կատալոնյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի ձեռքբերման համար ֆրանսիական ակումբին տրամադրելու 65 միլիոն եվրո՝ գումարած Իվան Ռակիտիչին:
Ի դեպ, խորվաթ ֆուտբոլիստը հրաշալի հարաբերություններ ունի ՈՒնաի Էմերիի հետ, որն անցած տարվանից գլխավորում է փարիզյան ակումբը, որտեղ հայտնվել է անդալուզական «Սևիլիայից» տեղափոխվելուց հետո: Հարկ է միաժամանակ նշել, որ Ռակիտիչը մի քանի անգամ հանդես է եկել «Բարսելոնից» հեռանալու լուրերի դեմ:
Տեղեկացնենք, որ կատալոնյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խորապես գոհ է արձակուրդից վերադարձած իր թիմի տղաներից: Հիշեցնենք` մինչ կատալոնյան ակումբը նա մարզում էր Բիլբաոյի «Աթլետիկը»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ